Կարգ

Հաստատված է
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ գիտական խորհրդի
2018 թվականի հունվարի 23-ի նիստում
(արձանագրություն N 01)

Կ Ա Ր Գ


«ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) «Արդարադատություն» գիտական հանդեսին (այսուհետ՝ Հանդես) ներկայացվող բնագրերի ձևավորման չափանիշները և պահանջները, ինչպես նաև դրանց հրապարակման պայմանները:
2. Հրապարակվելու համար ընդունվում են սույն կարգի դրույթներով նախատեսված չափանիշներին և պահանջներին համապատասխանող բնագրերը:
3. Սույն կարգով նախատեսված բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում բնագիրը վերադարձվում է հեղինակին: Հեղինակը կարող է հրապարակվող նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջվող չափանիշներին և պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

2. ԲՆԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
4. Բնագրերը ներկայացվում են տպագիր (թղթային) և էլեկտրոնային (տեքստային խմբագրիչ MS WORD, CD/DVD-ով կամ էլեկտրոնային փոստով՝ (journal@ardaradatutyunjournal.com) տարբերակներով: Ֆայլի անվան մեջ անհրաժեշտ է նշել հեղինակի (ների) անուն, ազգանունը: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների բովանդակությունները պետք է նույնական լինեն:
5. Նյութի հետ ներկայացվում է նաև դրական կարծիք-գրախոսական բնագրի վերաբերյալ՝ հայցորդների և ասպիրանտների դեպքում՝ առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձի կողմից, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողների դեպքում՝ գիտությունների դոկտորի աստիճան ունեցողի կողմից, իսկ գիտությունների դոկտորի աստիճան ունեցողների դեպքում կարծիք-գրախոսական չի պահանջվում:
6. Նյութի հրապարակումն ու հեղինակին Հանդեսի մեկ օրինակի տրամադրումն անվճար է։
7․ Նյութի հրապարակման վճարը կազմում է՝ 1 էջը 2000 ՀՀ դրամ՝ ներառյալ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերն ու վճարները։ Ոչ լրիվ էջի համար գանձվում է լրիվ էջին համապատասխանող գումար։
8. Հանդեսի լրացուցիչ օրինակի համար հեղինակները/համահեղինակները պետք է վճարեն՝ 2000 ՀՀ դրամ՝ ներառյալ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերն ու վճարները։
9. Նյութը հրապարակման ընդունելուց հետո հեղինակը տեղեկացվում է այդ մասին, ինչպես նաև դրա հրապարակման համար հաշվարկված վճարի չափի մասին:
Այս մասին տեղեկացվելուց հետո հեղինակը յոթ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնի հաշվին կատարում է համապատասխան վճարում, որը կարող է փոփոխվել կամ հետ վերադարձվել վճարումը կատարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10.Բնագրերի հրապարակումը կատարվում է համաձայն դրանց մուտքագրման հերթականության:
Լրամշակման նպատակով հեղինակներին վերադարձված և հետ ստացված նյութերը կրկին մուտքագրվում են:

3. ԲՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Գիտական հանդեսում հրատարակման համար բնագրերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին ու պահանջներին՝
1) հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 8 էջը (ներառյալ` գրականության ցանկը, ամփոփագրերը, հիմնաբառերը, հեղինակի /համահեղինակների մասին տեղեկությունները, նկարները, գծապատկերները և այլն):
2) Վերնագիրը տպագրել երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, մեծատառերով, կողմնորոշումը՝ կենտրոն, տառատեսակը՝ մգեցված, և չպետք է գերազանցի 8 բառ:
3) Ներքևում՝ հեղինակի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, գիտական աստիճանը և կոչումը:
4) Էջի չափը՝ A4 (21.0×29.7սմ):
5) Տառատեսակը՝ հայալեզու հրապարակումների համար՝ Times Armenian, անգլալեզու և ռուսալեզու հրապարակումների համար՝ Arial:
6) Տառաչափը՝ 11:
7) Միջտողային հեռավորությունը՝ 1 (Single):
8) Սահմանները՝ բոլոր կողմերից 1 սմ:
9) Էջադրումը՝
ա. Էջի ներքևում (footer),
բ. Կողմնորոշումը՝ կենտրոն:
10) Բնագրին հաջորդում է գրականության ցանկը: Հոդվածի վերջում, «Գրականություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցանկը՝ 10 տառաչափով, բնագրի լեզվով: Հաջորդաբար նշվում են կարգային համարը՝ (առանց քառակուսի փակագծերի), հեղինակների ազգանուններն ու անվանատառերը՝ մգացված (Bold) և շեղ (Italic), հրատարակության վերնագիրը, հրատարակչության անունը, վայրը (քաղաքը), թվականը, նաև էջ(եր)ը, եթե հղված աղբյուրը միայն մեկ անգամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Պարբերական հրատարակությունների համար հեղինակի անվան և ազգանվան ու աշխատանքի վերնագրին հաջորդում են պարբերականի անվանումն առանց չակերտների, հրատարակման թվականը, հատորի և/կամ թողարկման համարները, վայրը, հերթական համարը և էջ(եր)ը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին:
11) Հեղինակային «Ամփոփագիրը» և «Հիմնաբառերը» ներկայացվում են գրականության ցանկից հետո՝ երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ 500 նիշից ոչ ավելի (ներառյալ բացակները), 5-6 տող:
12) Ամփոփագրերին հաջորդում են տեղեկությունները հեղինակի մասին: Այն պահանջվում է ներկայացնել աղյուսակի տեսքով՝ երեք լեզվով՝ համաձայն հավելվածի:
13) Հոդվածի հետ տպագրության ներկայացված նկարները, գծանկարները և այլ վիզուալ նյութերը ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ ներմուծված հոդվածի մեջ WORD ծրագրում իբրև նկարներ (paste special/as picture) և EXCEL ֆայլով (գծապատկերների և այլ դեպքում): Գունավոր նկարներ և գծապատկերներ չեն ընդունվում: Հոդվածում նկարների հղումները բերվում են հապավումով. oրինակ՝ «(տես նկ.8 )» կամ «ինչպես հետևում է նկ. 4-ից»:
14) Ընդունված խորհրդանշանների (%, $ և այլն) օգտագործումն անհրաժեշտ է: Թվականի հապավումները բերվում են բացակով և կետով (օրինակ՝ «1824թ. պայմանագրով» կամ «1980-2000թթ. ընթացքում»):
15) Ներկայացված հոդվածների ենթատողային մեկնաբանությունները կամ հավելումները (footnotes) բերվում են տվյալ էջի ստորին հատվածում՝ յուրաքանչյուր էջում սկսելով 1 թվային համարակալումով (Restart each page), 9 տառաչափով:
12. Եթե խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել բնագրի հեղինակների հետ նրանց նշած հասցեներով և հեռախոսահամարներով, ապա Հանդեսն իրավունք ունի հետաձգելու հրապարակումը:
13.Սույն կարգն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 01-ից:

Հավելված