Հոդվածը նվիրված է աշխարհիկ պետության իրավական ամրագրման հարցի լուսաբանմանը` ֆրանսիական լուսավորչական իրավաքաղաքական մտքի համատեքստում: Հայտնի է, որ պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորման գործում հսկայական ազդեցություն ունեցան Նոր շրջանի հեղափոխական տեղաշարժերը, մասնավորապես` անգլիական և ֆրանսիական բուրժուադեմոկրատական հեղափոխությունները: Վերջինիս գործնական իրականացումը տեղի ունեցավ այնպիսի պատմաքաղաքական իրողությունների կիզակետում, երբ առարկայական խնդիր էր դրվել միապետական կարգերի վերանայման և մարդու բնական իրավունքների ճանաչման համար: Ֆրանսիացի լուսավորիչները իրենց բնորոշ մատերիալիստական աշխարհայացքի դիրքերից կանխորոշեցին հեղափոխական այս գաղափարների կյանքի կոչումը, այդ թվում` նաև պետությունից եկեղեցու առանձնացումը և խղճի ազատության իրավունքի ամրագրումը:
Հիմնաբառեր- աշխարհիկ պետություն, պետություն-եկեղեցի փոխհարաբերություններ, խղճի ազատության իրավունք, ֆրանսիական լուսավորչական իրավաքաղաքական միտք:
Սույն աշխատանքում քննարկվում են տարածության մեջ քրեական օրենքի գործողության տարածքային սկզբունքի կիրառման հիմնախնդիրները: Ուսումնասիրության ենթարկելով ՀՀ օրենսդրությունը և միջազգային իրավական ակտերը` ներկայացվում են պետության տարածքի սահմանման հետ կապված խնդիրները, հանցանքի կատարման վայրի որոշման և տարածքային սկզբունքի կիրառման բացառությունների հիմնախնդիրները: Կատարված հետազոտության հիման վրա ներկայացվում են առաջարկություններ` ուղղված ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը:
Հիմնաբառեր- քրեական օրենք, գործողություն տարածության մեջ, տարածքային սկզբունք, ճանաչում չստացած պետություն, որևէ պետության չպատկանող տարածք, տևող և շարունակվող հանցագործություններ, համացանց, համակարգչային հանցագործություններ:
«Գաղտնիքի պահպանություն» և «գաղտնիքի պաշտպանություն» իրավական կատեգորիաների հարաբերակցության հարցերում հետազոտողները չեն կարողանում գալ միասնական կարծիքի դրանց էության, բովանդակության և թույլատրելի սահմանների վերաբերյալ: Տարբեր հետազոտական ուղղությունների գիտնականներ ձևավորել են հակադիր մոտեցումներ այդ հասկացությունների հարաբերակցության հարցի վերաբերյալ: Հոդվածում փորձ է արվել ընդհանրացնել նշված կատեգորիաների հարաբերակցության հետ կապված հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր գիտնականների և հետազոտողների հայացքները, ինչպես նաև տրվել է «գաղտնիքի պաշտպանություն» եզրույթի սահմանումը:
Հիմնաբառեր- իրավական պահպանություն, իրավական պաշտպանություն, իրավաբանական պատասխանատվություն, իրավական երաշխիքներ, իրավաչափ վարքագիծ, իրավախախտում, գաղտնիք:
Սույն աշխատանքում ուսումնասիրվել են որոշ հիմնախնդիրներ` կապված ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագիր արձակելուն ՀՀ նախագահին պարտավորեցնելու հայցապահանջի` որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտավորեցման հայցի շրջանակներում քննության առարկա դառնալու հետ: Որպիսի ուսումնասիրության նպատակը պայմանավորված է օրենսդրական կարգավորումների բացակայության և դատական պրակտիկայում հանդիպող որոշակի տարակարծություններով:
Հիմնաբառեր- ՀՀ նախագահ, ՀՀ քաղաքացիություն, պարտավորեցման հայց, հրամանագիր, վարչական ակտ, վարչական վարույթ, իրավասություն:
Աշխատանքում փորձ է արվել հնարավորինս բացահայտել մեղքի և պատժի համաչափության սկզբունքների իմաստը և նշանակությունը, ընդգծել իրավական սկզբունքի սահմանադրական մակարդակում ամրագրումը` որպես դրա նշանակության վրա որոշակի ազդեցություն ունեցող հանգամանք:
Փորձ է արվել ընդգծել նաև իրավական սկզբունքի մեկնաբանումը` որպես սկզբունքի իմաստի և նշանակության բացահայտման համար օգտակար գործիք հանդիսացող երևույթ: Նաև` բացահայտել մեղքի և պատժի համաչափության սահմանադրական սկզբունքների կապը և հարաբերակցությունը սահմանադրական ու իրավական այլ սկզբունքերի հետ` սահմանադրական նոր կարգավորումների ներքո:
Հիմնաբառեր — իրավունքի սկզբունք, սահմանադրական սկզբունք, սկզբունքի իմաստ և բովանդակություն, սկզբունքի նշանակություն, մեկնաբանում, իրավական համակարգ:
Հոդվածում հիմնավորվում է նոր քրեական վերականգնողական արդարադատության ներդրման անհրաժեշտությունը, ներկայացվում են պրոբացիայի ծառայության խնդիրներն իրագործելու ճանապարհին առկա մի շարք տեսական և գործնական խնդիրներ, ուսումնասիրվում են «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում առկա բացթողումները, առաջարկվում է վերը նշված օրենքի լիարժեք կիրառման համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել քրեական, քրեադատավարական, քրեակատարողական օրենսգրքերում:
Հիմնաբառեր- պրոբացիոն ծառայություն, վերականգնողական արդարադատություն, այլընտրանքային պատիժներ, ընթացակարգ, հաշտեցում, մեդիացիա:
Հոդվածում քննարկվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում (այսուհետ` Մալաթիայի բաժին) 2019 թվականի հունվարի 1-ից առ 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ընտանիքում արձանագրված բռնությունների դետերմինանտները:
Հեղինակի կողմից ներկայացվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորություների իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները և դրանց վերլուծության հիման վրա համապատասխան օրենսդրական առաջարկությունների մշակումը:
Հիմնաբառեր- ընտանիք, բռնություն, կանխարգելում, պատճառ, պայման, պաշտպանական միջոց, կանխարգելիչ հաշվառում:
Տեղեկատվական հասարակության ձևավորմանը զուգընթաց առաջ է եկել անհրաժեշտություն բարեփոխելու և արդիականացնելու նաև հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը: Մասնավորապես` էլեկտրոնային տեղեկատվությունը` որպես ապացույց քրեական գործի շրջանակներում օգտագործելու համար անհրաժեշտ են օրենսդրության փոփոխություններ:
Սույն աշխատանքի նպատակն է պարզել, թե արդյոք առկա± է էլեկտրոնային ապացույցների` որպես ապացույցի առանձին տեսակի, սահմանման անհրաժեշտությունը: Ըստ այդմ` ներկայացվել են առաջարկներ` ուղղված օրենսդրության կատարելագործմանը, որոնք հնարավորություն կտան ստեղծել արդյունավետ մեխանիզմ էլեկտրոնային տվյալները ապացուցողական զանգվածի մեջ ներառելու համար` հաշվի առնելով էլեկտրոնային տվյալների առանձնահատկությունները:
Հիմնաբառեր- ապացույց, քրեական դատավարության օրենսգիրք, քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, էլեկտրոնային տեղեկատվություն, տեղեկատվության էլեկտրոնային կրիչ, էլեկտրոնային ապացույց: