Հոդվածում առաջին անգամ ՀՀ-ում փորձ է կատարվել արժեթղթերի շուկայի և արժեթղթերի քաղաքացիաիրավական կարգավորումներից սահմանազատել արժեթղթերին ներհատուկ ֆինանսաիրավական առանձնահատկությունները, որոնք գործնականում ընդգծում են պետության և տեղական ինքնակառավարման մարմինների իշխանական-իրավակազմակերպական, վերահսկողական և հսկողական լիազորությունները սահմանազատելով արժեթղթերի ֆինանսաիրավական կարգավորումները քաղաքացիական գույքային բնույթի իրավահարաբերություններից:
Արժեթղթերի շուկայի գործունեության հանրային իրավական կարգավորումներից ելնելով՝ բազմաթիվ առաջարկություններ են արված ‹‹Արժեթղթերի շուկայի մասին›› գործող ՀՀ օրենքում տեղ գտած մի շարք իրավական սխալների և օրենսդրական բացթողումների ճշգրտման նպատակով:
Հոդվածում առաջին անգամ բացահայտված է, որ ‹‹Արժեթղթերի շուկայի մասին›› իրավական ակտերում սխալ ձևակերպումների պատճառով կենտրոնական դեպոզիտարիան վերապահվում է վերահսկողության և հսկողության լիազորություններ այն դեպքում, երբ վերջինս տնտեսական գործունեության մասին է, (բաժնետիրական ընկերությունում) որին պետական գործառույթների իրականացման լիազորություններ վերապահվել:
Հիմնաբառեր- արժեթուղթ, արժեթղթերի շուկա, արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում, չեկ, մուրհակ, դեպոզիտարիա, բորսա:
Վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքի հռչակումն ինքնին, առանց վնասի հատուցման նախապայմանների հստակեցման, դեռ բավարար չէ վնասի հատուցումը երաշխավորելու համար:
Սույն աշխատանքում վերլուծվում են՝ հայրենական և արտասահմանյան օրենսդրության, տեսական աղբյուրների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Եվրոպական միության արդարադատության դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում վերլուծվում են ոչ նյութական վնասի առկայությունը և վարչարարության ոչ իրավաչափությունը՝ որպես վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման նախապայմաններ:
Արդյունքում, հեղինակները եզրակացնում են, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ հիմնարար իրավունքի կամ ազատության խախտման հանգամանքը չի կարող քննության առարկա դառնալ վնասի հատուցման վարույթում, իսկ ոչ նյութական վնասի առկայության հանգամանքը, որպես ընդհանուր կանոն, պետք է ներառվի ապացուցման առարկայում, և տուժողը պետք է կրի ոչ նյութական վնասի առկայության հանգամանքի ապացուցման բեռը:
Հիմնաբառեր — ոչ իրավաչափ վարչարարություն, վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք, ոչ նյութական վնաս, հիմնարար իրավունքների և ազատությունների խախտմամբ պատճառված վնաս, ոչ նյութական վնասի հատուցում, վնասի հատուցման նախապայմաններ:
Հոդվածը նվիրված է վարչական արդարադատության առանձնահատկությունները պայմանավորող ելակետային սկզբունքների վերհանմանը և դրանց համակողմանի ուսումնասիրությանը: Մասնավորապես, հոդվածում ներկայացվել են վարչական արդարադատության սկզբունքների շուրջ տարբեր իրավագետների ընկալումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տարբեր պետությունների օրենսդրությամբ նախատեսված առանձնահատկությունները, դրանց շուրջ առկա խնդիրները:
Միաժամանակ, հոդվածում անդրադարձ է կատարվել վարչական արդարադատության կարևորագույն սկզբունքների շուրջ առկա խնդրահարույց օրենսդրական կարգավորումներին, համեմատականներ կատարվել այլ դատավարական սկզբունքների հետ, առաջ քաշվել եզրահանգումներ՝ ներկայացվելով համապատասխան առաջարկություններ:
Հիմնաբառեր- վարչական արդարադատության սկզբունքներ, ‹‹ex officio›› սկզբունք, մրցակցության սկզբունք, տնօրինչականության սկզբունք, վարչական դատավարություն, մասնագիտացված արդարադատություն:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներն ընկալվում և կիրառվում են այնպես, ինչպես մեկնաբնված են Եվրոպական դատարանի վճիռներում: Եվրոպական դատարանը տարիների ընթացքում աստիճանաբար ձևավորել և արդյունավետ կերպով կիրառում է ՄԻեԴ վճիռների մեկնաբանման իր ուրույն մեթոդները:
Այս հոդվածի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունը միտված է Եվրոպական դատարանի վճիռներում Եվրոպական կոնվենցիայի մեկնաբանման մեթոդաբանության առանձնահատկությունների համընդգրկուն ուսումնասիրությանը:
Հիմնաբառեր- ՄԻԵԴ վճիռներ, ‹‹travaux preparatoires››, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանում, ‹‹ապրող փաստաթուղթ››:
Հոդվածը նվիրված է վարչարարության համաչափության սկզբունքի՝ պիտանիության և անհրաժեշտության տարրերի ուսումնասիրությանը: Հոդվածում ներկայացվում են պիտանիության և անհրաժեշտության պահանջների էությունն ու բաղադրիչները, ինչպես նաև փորձ է արվում ներկայացնել դրանց գնահատման հիմնական չափանիշներն այնպես, որպեսզի ապահովվի համաչափության սկզբունքի տարրերի միջև աշխատանքի հնարավորինս հավասար բաժանումը:
Հիմնաբառեր- սահմանափակման համաչափություն, պիտանիություն, անհրաժեշտություն, լեգիտիմ նպատակ:
Տեղեկատվության ազատության հիմնական իրավունքը, հանդիսանալով ժողովրդավարական պետությունում մարդու կարևորագույն իրավունքներից մեկը, կարիք ունի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու մարդկության զարգացմանը զուգահեռ համապատասխան իրավական գնահատական ստանալու: Վերջինս արտահայտվում է տեղեկատվության ազատության զարգացման շղթայով. այն սկզբում հանդես էր գալիս որպես սոսկ արտահայտվելու ազատության իրավունքի մաս, հետո՝ որպես առանձին իրավունք, որից այժմ առանձնացել և ուշադրության կենտրոնում է գտնվում հանրային մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը:
Հետազոտությամբ ներկայացվում է տեղեկատվության ազատությանը տեսական ու գործնական (ՀՀ և արտասահմանյան երկրների իրավական ակտերում) մակարդակում տրված դիրքորոշումները, որոնք համադրելով ժամանակակից պահանջմունքների հետ՝ առաջարկվում է նոր հայեցակետ ներկայացնել ու առանձնացնել տեղեկատվության ազատության ներքո հանդես եկող երկու իրավունք՝ ընդհանուր՝ ցանկացած տեսակի տեղեկատվություն փնտրելու, ստանալու ու տարածելու ազատություն և հատուկ՝ հանրային մարմիններից տեղեկատվության ստացման ազատություն:
Հիմնաբառեր — տեղեկատվության ազատություն, ընդհանուր տեղեկատվության ազատություն, հատուկ տեղեկատվության ազատություն, հայեցակետ, Սահմանադրություն, իրավական գնահատական, մարդու իրավունք:
Սույն գիտագործնական աշխատանքի թեման արդիական է և առնչվում է վարչական վարույթի և վարչարարության ներկայումս արդիական այն հարցադրումների հետազոտությանը , որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու ‹‹վարչական մարմին›› եզրույթի իրավական բովանդակությունը՝ վարչական վարույթի տարբեր տեսակների համատեքստում: Հեղինակը առաջ է քաշել այն մոտեցումը« որ ‹‹վարչական մարմին›› եզրույթը թերևս կարող է ամբողջությամբ և անվերապահորեն կիրառելի լինել բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է բացառապես գործադիր իշխանության իրականացման հետ, իսկ իշխանության մյուս ճյուղերի պարագայում ներկայացվել են որոշ հիմնավորված վերապահումներ:
Հիմնաբառեր- վարչական վարույթ, վարչարարություն, վարչական մարմին, առանձին տեսակի վարչական վարույթ, վարչական վարույթի տեսակ:
Սույն հոդվածը նպատակաուղղված է՝ դիտարկելու էլեկտրոնային դատական վարույթների կազմակերպչական և իրավական ապահովման զարգացման ակտուալ համակարգային որոշ խնդիրները, էլեկտրոնային դատավարության միասնական համակարգի ստեղծումը` հաշվի առնելով ՀՀ նախագահի կարգադրությունը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 183-Լ ‹‹Հայաստանի թվայնացման 2021-2025 ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին›› որոշումը:
Հիմնաբառեր – իրավական ինֆորմատիկա, էլեկտրոնային դատարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դատական վարույթ, տեղեկատվական անվտանգություն:
Հոդվածում երդման խախտումը դիտվում է որպես նախագահի, դատավորների և այլ պաշտոնատար անձանց սահմանադրական և քրեաիրավական պատասխանատվության հիմք: Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և մի շարք պետությունների գործող օրենսդրության վերլուծության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով դատական պրակտիկան և միջազգային իրավական ստանդարտները՝ հոդվածում առանձնացվում են երդման խախտման հատկանիշները, ներկայացվում առաջարկություններ երդման խախտման իրավական գնահատման վերաբերյալ:
Հիմնաբառեր- նախագահի երդումը, դատավորի երդումը, երդումը խախտելը, իրավաբանական պատասխանատվությունը, կարգապահական զանցանքը, ծառայությունից ազատելը: