Ընտանիքի և երեխայի շահերի կենսագործման կարևորագույն երաշխիքներից մեկը՝ դրանց քրեաիրավական պաշտպանությունն է: Հարկ է նշել, որ աշխարհի բազմաթիվ պետությունների քրեական օրենսգրքերում առկա են կոնկրետ քրեաիրավական նորմեր, որոնք միտված են այդ շահերի պաշտպանությանը: ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Սույն հոդվածում ներկայացված է քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ տարրերի բնութագիրը, դրանց ուսումնասիրության վերաբերյալ եզրահանգումներն ու օրենսդրական առաջարկությունները:
Հիմնաբառեր — երեխա, դաստիարակություն, խնամք, ծնող, պարտականություն:
Սույն գիտական հոդվածում հեղինակն անդրադարձել է անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտներին՝ որպես վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանքների: Վերլուծվել են դրանց իրավական բնույթը, կիրառման պայմանները և դրա շրջանակներում համաչափության սկզբունքի հետ առաջ եկող զուգակցումները: Հոդվածում այս երկու ինստիտուտները դիտարկվում են որպես ինքնապաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք ապահովում են իրավական արժեքների հավասարակշռություն և թույլ են տալիս բացառել վարչական պատասխանատվությունն այն դեպքերում, երբ անձի գործողությունները միտված են եղել ավելի բարձր իրավական բարիքի պաշտպանությանը:
Միաժամանակ ընդգծվում է, որ նշված ինստիտուտները չեն սահմանափակվում միայն պատասխանատվությունը բացառող ձևական հիմքերով, այլ հանդես են գալիս որպես իրավական համակարգի ներսում գործող արժեքահեն կարգավորման գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել վարքագիծը ոչ միայն դրա արտաքին իրավախախտական դրսևորման, այլ նաև իրավիճակային անհրաժեշտության և սոցիալական արդարացվածության տեսանկյունից:
Հիմնաբառեր — վարչական պատասխանատվություն, անհրաժեշտ պաշտպանություն, ծայրահեղ անհրաժեշտություն, զանցանք, համաչափություն, ինքնապաշտպանություն:
Սույն հոդվածը նվիրված է արդարադատության համակարգում արհեստական բանականության կիրառման ազդեցության ուսումնասիրությանը՝ դատական անկախության և անաչառության սկզբունքների տեսանկյունից: Հետազոտության հիմքում դրված է այն դրույթը, որ Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անկախ և անաչառ դատարանի իրավունքը տեխնոլոգիական միջավայրում բախվում է նոր, հաճախ անտեսանելի սպառնալիքների: Հոդվածում վերլուծվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված չափանիշները՝ կապված դատական անկախության, ‹‹օրենքով ստեղծված դատարանի››, ինչպես նաև անաչառության սուբյեկտիվ և օբյեկտիվ թեստերի հետ: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ արհեստական բանականության համակարգերը կարող են ազդել ոչ միայն դատական ակտերի պատրաստման, փաստաթղթերի մշակման և ռիսկերի գնահատման, այլև դատավորների գնահատման, առաջխաղացման և մասնագիտական վարքագծի վրա: Հոդվածում հիմնավորվում է, որ արհեստական բանականությունը չի կարող դիտարկվել որպես չեզոք տեխնիկական գործիք, քանի որ այն ստեղծում է տեխնոլոգիական կախվածության, մասնավոր մատակարարներից կախման, ալգորիթմային կողմնակալության, թափանցիկության պակասի և դատական դատողության վրա անտեսանելի ներգործության ռիսկեր: Եզրակացվում է, որ արդարադատության ոլորտում արհեստական բանականության համակարգերի կիրառումը պահանջում է հստակ նորմատիվ կարգավորում, մարդ դատավորների կողմից որոշումների կայացման ապահովում, ինչպես նաև թափանցիկության և արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ:
Հիմնաբառեր— Արհեստական բանականություն, արդարադատություն, դատական անկախություն, թափանցիկություն, ալգորիթմային կողմնակալություն, արդարադատության թվայնացում, անաչառություն, մարդու իրավունքներ, տեխնոլոգիական կախվածություն:
Սույն հոդվածը նվիրված է արհեստական բանականության ազդեցությանը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 3-րդ մասի ‹‹գ›› կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման վրա: Հոդվածում ուսումնասիրվում են անձամբ պաշտպանվելու և իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքների բովանդակությունը՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի և ժամանակակից գիտական գրականության համատեքստում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հարցին, թե արդյոք արհեստական բանականության գործիքները կարող են աջակցել իրավական տեղեկատվության հասանելիությանը և իրավաբանական օգնության համակարգերին՝ միաժամանակ չփոխարինելով որակավորված պաշտպանին: Վերլուծվում են արհեստական բանականության կիրառման ռիսկերը՝ իրավական օգնության պատրանքի ստեղծումը, սխալ կամ հորինված իրավական աղբյուրների օգտագործումը, գաղտնիության կորուստը, մասնագիտական կոմպետենտության և պատասխանատվության խնդիրները: Հոդվածում հիմնավորվում է, որ արհեստական բանականությունը կարող է լինել միայն օժանդակող գործիք, որի կիրառումը պետք է ուղեկցվի հստակ երաշխիքներով, մասնագիտական վերահսկողությամբ և վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանությամբ:
Հիմնաբառեր— Արհեստական բանականություն, արդարադատություն, արդար դատաքննություն, դատական պաշտպանության իրավունք, փաստաբանական գաղտնիք:
Հոդվածը վերաբերում է աղմուկի ազդեցության իրավական գնահատմանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ և 31-րդ հոդվածների շրջանակում: Հոդվածում ուսումնասիրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետª Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը, մասնավորապես՝ Մորենո Գոմեսն ընդդեմ Իսպանիայի (Moreno Gցmez v. Spain, գանգատ թիվ 4143/02, վճիռ՝ 16 նոյեմբերի 2004 թ.) և Ֆադեյևան ընդդեմ Ռուսաստանի (Fadeyeva v. Russia, գանգատ թիվ 55723/00, վճիռ՝ 9 հունիսի 2005 թ.) գործերը:
Վերլուծության արդյունքում հիմնավորվում է, որ եվրոպական ժամանակակից իրավական մոտեցման համաձայն աղմուկն այլևս չի դիտարկվում միայն որպես կենցաղային կամ տեխնիկական խնդիր, այլ կարող է գնահատվել որպես անձնական կյանքի, բնակարանում անարգել բնակվելու և կյանքի որակի նկատմամբ միջամտություն:
Հոդվածում ցույց է տրվում, որ նման գնահատման համար որոշիչ նշանակություն ունեն աղմուկի ինտենսիվությունը և տևողությունը, բնակարանի բնական օգտագործման խաթարումը, առողջական կամ հոգեբանական ազդեցությունը, պետության արդյունավետ արձագանքի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքների ապահովումը: Եզրակացվում է, որ աղմուկի սահմանափակումը պետության պոզիտիվ պարտավորությունների բաղադրիչ է և հանդես է գալիս որպես մարդու անձնական կյանքի, հոգևոր և ֆիզիկական առողջության, արժանապատվության և մարդու ինքնուրույնության պաշտպանության իրավական մեխանիզմ:
Հիմնաբառեր — աղմուկ, անձնական կյանք, բնակարանի անձեռնմխելիություն, ընտանեկան կյանք, կյանքի որակ, Կոնվենցիայի 8-րդ հոդված, պոզիտիվ պարտավորություններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նախադեպային իրավունք, շրջակա միջավայր, առողջության պաշտպանություն, աղմուկի իրավական կարգավորում, մարդու իրավունքներ:
Սույն հոդվածը նվիրված է շրջակա միջավայրի պահպանության՝ որպես պետական անվտանգության կառուցվածքային բաղադրիչի սահմանադրաիրավական և տեսական վերլուծությանը: Աշխատանքում դիտարկվում են ազգային անվտանգության հայեցակարգային վերաիմաստավորումը էկոլոգիական մարտահրավերների պայմաններում, բնապահպանական անվտանգության միջազգային իրավական չափանիշների ձևավորումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ինտեգրումը ազգային անվտանգության համակարգում: Հոդվածով հիմնավորվում է այն դիրքորոշումը, համաձայն որի էկոլոգիական անվտանգությունը ժամանակակից սահմանադրական պետության կայունության և ինքնիշխանության իրացման անհրաժեշտ նախապայման է, ընդ որում շրջակա միջավայրի ազգային անվտանգության բաղադրիչի արդյունավետ ապահովումը պահանջում է նաև ինստիտուցիոնալ երաշխիքներ, մասնավորապես՝ անկախ մասնագիտացված մարմնի (շրջակա միջավայրի պահպանության անկախ խորհրդի) միջոցով:
Հիմնաբառեր — շրջակա միջավայրի պահպանություն, պետական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, ազգային անվտանգության հայեցակարգեր, սահմանադրական անվտանգություն, կայուն զարգացում, միջսերնդային պատասխանատվություն, բնապահպանական ռիսկեր:
Վարչական բողոքի իրավական բնույթը և կառուցվածքային տարրերը բացահայտելու նպատակով ուսումնասիրվել են վարչական բողոքի վերաբերյալ իրավաբանական գրականության մեջ ձևավորված տարբեր մոտեցումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կարգավորումները, որի արդյունքում սույն հոդվածում բացահայտվել են վարչական բողոքի հիմնական կառուցվածքային տարրերը՝ սուբյեկտը, առարկան, հիմքերը, պահանջը և հասցեատերը: Քննարման առարկա են դարձվել վարչական բողոքարկման վարույթի իրականացման և վարչական կարգով իրավունքների պաշտպանության գործընթացքում դրանց նշանակության հետ կապված հարցերը: Կատարված հետազոտության արդյունքում հիմնավորվել և հատուկ ընդգծվել է, որ վարչական բողոքը հանդիսանում է վարչական բողոքարկման վարույթի առանցքային, կարևորագույն կառուցվածքային այն տարրը, որի միջոցով անձինք իրենց իրավունքների պաշտպանության նպատակով նախաձեռնում են վարչական ակտի, վարչական մարմնի գործողության կամ անգործության վարչական կարգով բողոքարկումը: Այսպիսով, կատարված հետազոտությունները թույլ են տալիս գալ այն եզրահանգման, որ վարչական բողոքը հանդիսանում է վարչական բողոքարկման վարույթ հարուցելու իրավական հիմք, իսկ դրա կառուցվածքային տարրերի փոխկապակցվածությունն ու ամբողջությունն ապահովում են վարչական բողոքարկման վարույթի արդյունավետ իրականացումը և վարչական կարգով իրավունքների պատշաճ պաշտպանությունը:
Հիմնաբառեր-վարչական բողոք, վարչական բողոքարկում, վարչական վարույթ, վարչական ակտ, սուբյեկտիվ հանրային իրավունքներ, իրավունքի պաշտպանություն, վարչական վերահսկողություն, վարչաիրավական վեճ, արտադատական կարգ, վարչական արդարադատություն:
Վարչական բողոքարկման վարույթի պատշաճ և արդյունավետ իրականացումը կարևոր նշանակություն ունի անձի իրավունքների պաշտպանության, Վարչական դատարանի բեռնաթափման և հանրային իշխանության մարմինների նկատմամբ վստահության ձևավորման տեսանկյունից: Իսկ վարչական բողոքարկման վարույթի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն բողոքը քննող մարմնի կողմից ընթացակարգային պահանջների պահպանմամբ, այլ նաև բողոքի իրական և բովանդակային քննությամբ, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի գնահատմամբ, որոշումների պատշաճ պատճառաբանվածությամբ և բողոքը քննող մարմնի անաչառությամբ: Հետազոտության շրջանակներում անդրադարձ է կատարվել վարչական բողոքարկման վարույթում պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման հիմնախնդիրներին, և առանձնացվել են վարչական բողոքարկման վարույթում վարչարարության որակի գնահատման հիմնական չափանիշները:
Հիմնաբառեր — պատշաճ վարչարարության իրավունք, վարչական բողոքարկման վարույթ, վարչական բողոք, վարչարարության նյութական իրավաչափություն, վարչարարության որակ, վարչական վարույթ, բողոքի բովանդակային քննություն, վարչական մարմնի անաչառություն, որոշումների պատճառաբանվածություն, արտադատական պաշտպանություն:
Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարական իրավունքում անմեղության կանխավարկածի խախտման արդյունքում առաջացող իրավական հետևանքների և խախտված իրավունքի պաշտպանության մեխանիզմների ուսումնասիրությանը: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև անմեղության կանխավարկածի սկզբունքը լայնորեն ուսումնասիրված է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական դաշտում, դրա խախտման պարագայում առաջացող իրավական հետևանքները և արդյունավետ պաշտպանության միջոցները դեռևս ամբողջական գիտական վերլուծության չեն ենթարկվել:
Հոդվածում ուսումնասիրվել են անմեղության կանխավարկածի սկզբունքի միջազգային և ներպետական իրավական հիմքերը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին:
Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ անմեղության կանխավարկածի խախտումները կարող են դրսևորվել ինչպես դատավարական, այնպես էլ ոչ դատավարական գործողություններով:
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0112/11/19 գործով արտահայտված իրավական դիրքորոշմանը, որով դատարանը տարբերակել է անմեղության կանխավարկածի խախտման դեպքերը՝ ըստ դրանց դատավարական և ոչ դատավարական բնույթի: Հոդվածում հիմնավորվում է, որ նման մոտեցումը լիարժեք և արդյունավետ լուծում չի ապահովում, քանի որ քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց ոչ դատավարական գործողություններով թույլ տրված խախտումները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում անձի հեղինակության և հանրային ընկալման վրա, քան դատավարական խախտումները:
Հեղինակը առաջարկում է անմեղության կանխավարկածի խախտման հետևանքները տարբերակել ոչ թե գործողության դատավարական կամ ոչ դատավարական բնույթով, այլ խախտում թույլ տված սուբյեկտների կարգավիճակով: Եթե խախտումը թույլ է տրվել քրեական վարույթի շրջանակներում գործող հանրային մասնակցի կամ դատարանի կողմից, ապա իրավական պաշտպանությունը պետք է իրականացվի քրեադատավարական մեխանիզմներով՝ ներառելով դատական երաշխիքների վարույթում բողոքարկման հնարավորությունը և հրապարակային ներողություն խնդրելու պարտականության սահմանումը: Իսկ մասնավոր անձանց կամ քրեական վարույթի հետ կապ չունեցող սուբյեկտների կողմից թույլ տրված խախտումների դեպքում կիրառելի կարող են լինել քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցները:
Հոդվածում առաջարկվում են նաև օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված արդարացված անձանց ռեաբիլիտացիայի արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝ վարույթ իրականացնող մարմինների կողմից արդարացման կամ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ հրապարակային հաղորդագրությունների պարտադիր տարածման միջոցով:
Հիմնաբառեր — Անմեղության կանխավարկածի սկզբունք, անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում, քրեադատավարական պաշտպանության մեխանիզմներ, քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներ, դատավարական և ոչ դատավարական գործողություններ, արդարացված անձի ռեաբիլիտացիա, քրեական վարույթի հրապարակայնություն:
Հոդվածում դիտարկվում են իշխանությունների բաժանման սկզբունքի կատարելագործման հիմնական խնդիրները սահմանադրական բարեփոխումների համատեքստում: Գնահատված են առկա մարտահրավերները և իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգի բարելավմանն ուղղված առաջարկությունները՝ պետական ապարատի արդյունավետ գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով:
Հիմնաբառեր — իշխանությունների բաժանման սկզբունք, սահմանադրական բարեփոխումներ, օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, դատական իշխանություն, իշխանությունների հավասարակշռում, պետական իշխանություն, իրավական համակարգ, բարեփոխում:
Հոդվածում քննարկվում են իշխանությունը յուրացնելու հանցագործության տեսական և իրավական մոտեցումները՝ ներառյալ այս հանցակազմի սահմանման, կառուցվածքի և պատասխանատվության մեխանիզմների առանձնահատկությունները: Վերլուծվում են իշխանության յուրացման և լիազորությունների գերազանցման դրսևորումները ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում:
Առանձնակի ուշադրություն է դարձվում արտասահմանյան առաջադեմ փորձին, մասնավորապես՝ Եվրոպական միության, ԱՄՆ-ի և հետխորհրդային երկրների քրեական օրենսդրություններում իշխանության չարաշահման համար պատասխանատվության մոտեցումներին: Դիտարկվում են դատական վերահսկողության և հակակոռուպցիոն ինստիտուտների դերը լիազորությունների չարաշահումը կանխարգելելու գործում:
Հիմնավորվում է, որ իշխանությունը յուրացնելու հանցագործության արդյունավետ հակազդումն անհնար է առանց սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքների՝ իշխանությունների տարանջատման, իրավունքի գերակայության, սուբսիդիարության և ժողովրդավարական հաշվետվողականության պատշաճ ամրագրման և իրականացման: Բացահայտվում են հայաստանյան իրավական համակարգում առկա խնդիրները և առաջարկվում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Հիմնաբառեր — Իշխանության յուրացում, իշխանության չարաշահում պաշտոնեական հանցագործություններ, սահմանադրական կարգ, իշխանությունների տարանջատում, իրավունքի գերակայություն:

