Սույն հոդվածի շրջանակում քննարկվում են աշխատողի պատճառած վնասի դեպքում արտապայմանագրային պատասխանատվության ընդհանուր պայմանները, վեր են հանվում, դելիկտային պատասխանատվության կիրառման համար անհրաժեշտ հատուկ պայմանները, քննարկվում է փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության դեպքում պատասխանատվության կիրառման հնարավորության հարցը, անձի՝ որպես աշխատող որակման չափանիշները: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են գործող իրավակարգավորման և իրավակիրառ պրակտիկայի որոշ բացեր, հիմնավորվում է, որ աշխատողի պատճառած վնասի դեպքում արտապայմանագրային պատասխանատվության առաջացման համար բավարար չեն միայն դելիկտային պարտավորությունների ընդհանուր պայմանները, այլ անհրաժեշտ է նաև հատուկ պայմանների առկայություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աշխատանքային հարաբերությունների ձևական և փաստացի բնույթի տարբերակմանը:
Հոդվածում հիմնավորվում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածը պետք է դիտարկել որպես տուժողի շահերի պաշտպանությանն ուղղված նորմ, որը չի բացառում աշխատողի անձնական պատասխանատվությունը:
Բացի այդ, քննադատվում է գործող կարգավորումը, ըստ որի՝ փաստացի աշխատանքային հարաբերությունների ճանաչման պահանջով դատարան դիմելու իրավունք ունի միայն աշխատողը: Առաջարկվում է այդ իրավունքը տրամադրել նաև վնաս կրած երրորդ անձանց՝ ապահովելու նրանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը և սահմանափակելու գործատուների կողմից պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունները: Հոդվածում հիմնավորվում է, որ եթե վնասը պայմանավորված է ինչպես աշխատողի հակաիրավական վարքագծով, այնպես էլ գործատուի կողմից վերահսկողության կամ աշխատանքի կազմակերպման պարտականությունների խախտմամբ, ապա այն պետք է դիտարկել որպես համատեղ պատճառված վնաս:
Հիմնաբառեր — Գործատուի պատասխանատվություն, աշխատողի կողմից պատճառած վնաս, արտապայմանագրային պատասխանատվություն, փաստացի աշխատանքային հարաբերություններ, պատճառահետևանքային կապ:
Հոդվածը նվիրված է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակներից մեկի՝ «փոխնակ մայրության» ինստիտուտի կիրառության շրջանակներում կնքվող պայմանագրերի իրավական էության բացահայտմանը: Մասնավորապես, հոդվածում անդրադարձ է կատարվում փոխնակ մայրության պայմանագրի իրավական բնույթին, քննարկվում են պայմանագրի կնքման առանձնահատկությունները, վեր են հանվում գործող իրավակարգավորումների բացերը, խնդրահարույց կողմերը, ինչպես նաև ներկայացվում են ինստիտուտի պայմանագրային կարգավորման կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
Հիմնաբառեր— Փոխնակ մայր, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիա, նախատեսված ծնող, փոխնակ մայրության պայմանագիր, պատվիրատու, իմպլանտացիա, ներպատվաստում, ռեալ պայմանագիր, կոնսենսուալ պայմանագիր:
Հոդվածը նվիրված է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատության սահմանափակում այլընտրանքային պատժատեսակի ընթացքում նշանակվող արգելքների չկատարման իրավական հետևանքներին: Հոդվածում բացահայտվում է պատժի կատարման պրոգրեսիվ համակարգի էությունը և այդ համատեքստում ներկայացվում է դատապարտյալի բացասական վարքագծի հետևանքով պատժի խստացման իրավական նպատակը:
Հետազոտության շրջանակներում անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, թե որ հաստատությունների այցելությունը և ինչ միջոցառումների կազմակերպումը, կամ մասնակցությունն է արգելվում դատապարտյալին պատժի կրման ընթացքում: Հոդվածում քննարկվում է նաև բնակության վայրի փոփոխությունե հասկացության օրենսդրական բնորոշման անհրաժեշտությունը, ինչպես նաև հարգելի հանգամանքների դեպքում դատարանի կողմից սահմանված արգելքների չկատարման կամ պատժի ընթացքում վերահսկողության պարտադիր պահանջներից խուսափելու իրավական հետևանքները:
Վերլուծության արդյունքներով առաջարկվում է վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ներդնելով «պատժից խուսափող» հասկացության առավել համապարփակ և ամբողջական սահմանում:
Հիմնաբառեր — ազատության սահմանափակում, պատժի փոխարինում, պատժի կատարման պրոգրեսիվ համակարգ, ժամանցային կամ այլ հաստատություն, բնակության վայրի փոփոխություն, վերահսկողության պարտադիր պահանջ, անձի վրա դրվող արգելք, հարգելի հանգամանք:
Վերասոցիալականացումը պատժի նպատակ դիտարկելու պարագայում քրեակատարողական հիմնարկների առջև դրվում է որոշակի խնդիր՝ ապահովել անձի մեկուսացումը հասարակությունից՝ կատարված հանցանքին համահունչ, միաժամանակ անձի հետ տանել այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքում նա կվերադառնա հասարակություն՝ դրսևորելով օրինապահ վարքագիծ: Նշված խնդիրների համաժամանակյա առկայությունն ինքնին հակասական, իսկ իրացվելիությունը ոչ միանշանակ է ընկալվում: Այս հիմնախնդրին է նվիրված սույն հոդվածը, որտեղ վերլուծության են ենթարկվում քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ապահովման հետ կապված մարտահրավերները:
Հիմնաբառեր — քրեակատարողական հիմնարկներ, վերասոցիալականացում, նորմալիզացիա:
Հոդվածի նպատակն է վերլուծել փողերի լվացման և հարակից հանցագործությունների վերաբերյալ վարույթներով փաստական հանգամանքների ապացուցման հետ կապված որոշակի իրավական հարցեր:
Հոդվածում վերլուծվել է այնպիսի խնդիր, ինչպիսին է քննարկվող հանցանքների վերաբերյալ վարույթներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում լրացում կատարելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված այնպիսի հանգամանքների առկայության հետ, որոնց հավաստումը պահանջում է որոշակի ապացույցի առկայություն:
Հոդվածում քննարկման առարկա է դարձվել ֆինանսական քննության կարևոր դերն ու նշանակությունը՝ փողերի լվացման և հարակից հանցագործությունների վերաբերյալ վարույթներով: Կարևորվել է զուգահեռ ֆինանսական քննության դերը:
Հոդվածում քննարկվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքի վերաբերյալ քրեական վարույթով այդ գույքի շարժընթացը և ծավալը պարզելու իրավական անհրաժեշտությունն ու իրավական հիմքը և դրանց լույսի ներքո արձանագրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտությունն ու դրանով պայմանավորված վարույթն իրականացնող մարմնի համար վարույթին փորձագետ ներգրավելու պարտականության սահմանման անհրաժեշտությունը:
Հոդվածը նպատակ է հետապնդում ներկայացնել այնպիսի խնդիր, որը առաջացել է իրավակիրառ պրակտիկայում և շարունակելու է առաջանալ: Այս առումով հոդվածը նաև արդիական է, քանի որ ներկայացվող մոտեցումները կարող են հետաքրքրություն ներկայացնել ինչպես ուսանողների, այնպես էլ փաստաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների մոտ:
Հիմնաբառեր — ֆինանսական քննություն, գույքի շարժընթաց, ծավալ, փորձագետ, հանցավոր ծագում ունեցող գույք, դատահաշվապահական փորձաքննություն, փորձագետի եզրակացություն:
Հոդվածում քննարկվում են զենքի ժամկետանց թույլտվությունների դեպքում իրավական որակման հիմնախնդիրները:
Ըստ հեղինակի՝ թույլտվությունների ժամկետները լրանալուց հետո զենքը պահելը կամ կրելը (օգտագործելը) հանգեցնում է ոչ միայն սահմանված վարչաիրավական կարգավորումների չպահպանմանը, այլև էականորեն խաթարում է զենքի շրջանառության իրավական ռեժիմը: Պետությունը սահմանելով զենքի շրջանառության լիցենզավորման (թույլտվության) համակարգ՝ նախատեսում է նաև թույլտվությունների պարբերական վերանայման արդյունավետ կառուցակարգեր, որը նպատակ է հետապնդում ապահովել զենքի գտնվելը միայն այն անձանց մոտ, ովքեր համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին:
Հեղինակի գնահատմամբ՝ թույլտվությունների ժամկետները լրանալուց հետո զենքի շրջանառությունը փաստացի տեղի է ունենում առանց իրավական հիմքի, որը վտանգ է ներկայացնում հանրային անվտանգության համար և խաթարում է զենքի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունը:
Հեղինակի կարծիքով՝ քննարկվող իրավիճակում պետության քրեաիրավական արձագանքը կարող է հանդիսանալ զենքի ապօրինի շրջանառությունից հանրային անվտանգությունն ապահովելու արդյունավետ և համարժեք միջոց: Այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն՝ խթանելով զենքի սեփականատերերի կողմից զենքի շրջանառության սահմանված կանոնակարգերի պահպանմանումը, ինչպես նաև թույլտվությունների երկարաձգման պարտականության պատշաճ կատարումը: Հետևաբար, թույլտվությունների ժամկետները լրանալուց հետո զենք պահելու կամ կրելու (իրավաբանական անձի դեպքում՝ պահելու կամ օգտագործելու) դեպքում անձի արարքը պետք է որակել զենքի ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հանցակազմերով:
Հիմնաբառեր — ժամկետանց թույլտվություններ; զենքի շրջանառություն; հանրային անվտանգություն; պետական վերահսկողություն; որակման հիմնախնդիրներ; ներպետական իրավակարգավորումներ; արտասահմանյան երկրների փորձ; վարչական պատասխանատվություն; քրեական պատասխանատվություն; արտոնյալ ժամկետ:
Արհեստական բանականությունը ներկայումս իր կիրառությունն է գտել ամենատարբեր ոլորտներում՝ տրանսպորտային փոխադրամիջոցներից սկսած մինչև բժշկություն: Եվ նման համալիր օգտագործումն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական հետևանքները: Ուստի, հարց է առաջանում, երբ արհեստական բանականության համակարգի գործունեությունն առաջացրել է հանցավոր հետևանքներ, ով պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության դրա համար:
Սույն աշխատանքը ուսումնասիրում է արհեստական բանականության կողմից հանցավոր արարք կատարելու դեպքում քրեական պատասխանատվության հիմնահարցը: Այն է, ով և երբ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ ծրագրավորողը, արտադրողը, օգտագործողը:
Հետազոտության արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկներ արհեստական բանականության ծրագրավորողին, արտադրողին, օգտագործողին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշակի հանցակազմերի ձևավորման, գործող հանցակազմերի կատարելագործման, հանցանքի կատարմանը ներգրավված արհեստական բանականության համակարգերի նկատմամբ անվտանգության միջոցներ կիրառելու վերաբերյալ:
Հիմնաբառեր — արհեստական բանականության համակարգ, քրեական պատասխանատվություն, արհեստական բանականության համակարգը ծրագրավորող, արհեստական բանականության համակարգն արտադրող, արհեստական բանականության համակարգն օգտագործող, անվտանգության միջոցներ:
Հակակոռուպցիոն ռազմավարությունները հանդիսանում են պետության կողմից հանրային իշխանության մարմիններում իրականացվող կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քաղաքականության կարևորագույն իրավական կառուցակարգ: Այս ռազմավարությունների միջոցով են ամրագրվում այն հիմնական խդնիրները և դրանց հաղթահարման գործիքակազմերը, որոնք ծագում են կոռուպցիայի կանխարգելման և ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիան հանդիսանում է համաշխարհային մարտահրավեր պետությունների համար՝ միջազգային կազմակերպությունները և կառույցները ուրվագծել են այն հիմնական էական կանոնները որոնց պետք է համապատասխանի հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Դրանք առնչվում են հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման իրականացման և գնահատման և՛ ընթացակարգային, և՛ բովանդակային ասպեկտներին: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվում է բարձր՝ ռազմավարության մշակման, իրականացման և գնահատման փուլերում առկա են որոշակի խնդիրներ, որոնք կարիք ունեն հասցեագրման հաջորդ հակակոռուպցիոն ռազմավարություններում: Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այդ հիմնական խնդիրներին, առաջարկում է որոշակի լուծման եղանակներ՝ հիմք ըդունելով նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրվող առաջարկությունները և տեսական աղբյուրներում բարձրացված խնդիրները:
Հիմնաբառեր — Հակակոռուպցիոն քաղաքականություն, Հակակոռուպցիոն ռազմավարություն, մոնիթորինգ, գնահատում, կոռուպցիոն ռիսկեր, արդյունքային ցուցիչներ, ազդեցության ցուցիչներ, հաղորդակցում, վարիացիոն շարքի համակշռված միջին, ՏՀԶԿ:
Սույն գիտական աշխատանքի շրջանակներում քննարկվել են արժանապատվության բովանդակության կառուցվածքային առանձնահատկությունները. ներկայացվել են արժանապատվության շերտերը, շերտերի բովանդակությունը կազմող տարրերն ու դրանց փոխազդեցությունը: Արդյունքում ներկայացվել են առաջարկներ, որոնց կիրառությունը կարող է պայմանավորել արժանապատվության սահմանադրաիրավական բովանդակության և դրա հիման վրա ձևավորվող սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդնումը:
Հիմնաբառեր— արժանապատվության երկշերտ համակարգ, բացարձակ միջուկ, երկրորդային շերտ, փոխազդեցություն, սահմանադրաիրավական պաշտպանություն:
Սույն հոդվածը նվիրված է հասարակության ներգրավման դերին շրջակա միջավայրի իրավունքի արդյունավետ իրացման գործում: Հետազոտության շրջանակում վերլուծվում է հասարակական մասնակցության սահմանադրաիրավական նշանակությունը՝ որպես ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ, ինչպես նաև Օրհուսյան կոնվենցիայի երեք սյուների՝ տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության և արդարադատության հասանելիության գործնական կիրառելիությունը1: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող մոնիթորինգին՝ որպես անկախ վերահսկողության և ապացուցողական հիմքի ձևավորման գործիքի, ինչպես նաև այլընտրանքային զեկույցների դերին միջազգային և ներպետական վերահսկողական մեխանիզմներում:
Հոդվածում քննարկվում են նաև ռազմավարական դատավարությունները՝ որպես շրջակա միջավայրի պաշտպանության ժամանակակից և ազդեցիկ գործիք, վերլուծվում են միջազգային և ներպետական օրինակներ, ինչպես նաև առաջարկվում է դրանց արդյունավետության բարձրացման նպատակով ներդնել ինստիտուցիոնալ մեխանիզմներ, այդ թվում՝ դատարաններին անկախ մարմնի կողմից ընկերական կարծիք (amicus curiae) ներկայացնելու ինստիտուտը: Միաժամանակ անդրադարձ է կատարվում բնապահպանական ակտիվիստների պաշտպանության խնդիրներին՝ Էսկասուի համաձայնագրի2 և ՄԱԿ-ի «Իրավապաշտպանների պաշտպանության մասին հռչակագրի»3 լույսի ներքո՝ հիմնավորելով, որ նրանց գործունեությունը հանդիսանում է հանրային շահի պաշտպանության կարևոր տարր և ենթակա է իրավական պաշտպանության:
Հոդվածում հիմնավորվում է, որ հասարակության ներգրավումը շրջակա միջավայրի իրավունքի պաշտպանության համակարգում հանդիսանում է դրա անբաժանելի և համակարգաստեղծ բաղադրիչը, իսկ դրա բացակայության պայմաններում շրջակա միջավայրի իրավունքի իրացման երաշխիքները կորցնում են իրենց գործնական նշանակությունը:
Հետազոտության գիտական նորույթը կայանում է նրանում, որ հասարակական մասնակցությունը ներկայացվում է ոչ միայն որպես ընթացակարգային իրավունք, այլ նաև որպես ինքնուրույն սահմանադրաիրավական ինստիտուտ՝ իր ինստիտուցիոնալ ապահովման պահանջներով, ներառյալ՝ անկախ մոնիթորինգի, ռազմավարական դատավարության և հանրային շահի դատական պաշտպանության նոր մեխանիզմների համակցված կիրառմամբ:
Հիմնաբառեր — շրջակա միջավայրի իրավունք, հասարակական մասնակցություն, Օրհուսյան կոնվենցիա, ռազմավարական դատավարություն, հասարակական մոնիթորինգ, հանրային շահի պաշտպանություն, amicus curiae, բնապահպանական ակտիվիստներ, մարդու իրավունքներ:

